Հանդգնեմ ասել
«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961
Կարող եմ կյանքում ես շա՜տ բան անել,
Բայց անկարող եմ ինձանից վանել
Իմ երկվորյակին՝
Անկեղծությո՛ւնը։
Ուրեմըն ասեմ ամենից առաջ,
Հանդըգնե՛մ ասել, որ ես աշխարհում
Անխտրական եմ՝ նվագի նման,
Անձրևի նման ՝ հավասարատես,
Բայց և կան բաներ,
Բայց և կան մարդիկ,
Որոնց նկատմամբ միտումնավոր եմ՝
Չորը ճարակող չար կրակի պես,
Եվ ծխի նման անտարբեր եմ ես՝
Նրանց ճարճատում-ճիչերի հանդեպ…
Չանախչի · 18.XI.1959թ.
Թեմաներ