Անցնել բովանդակությանը

«Ահեղ օրեր են թավալվում այստեղ, իմ հայրենիքում…»

(XVII)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Ահեղ օրեր են թավալվում այստեղ, իմ հայրենիքում. Մոլեգնած, մոլի ֆաշիզմն է ելել, որ մեզ ընկըճի, Որ իր օվկիանում քամին բարենպաստ ուղղությամբ փչի Եվ լողա հեռո՜ւն՝ ռասայական անարև միգում։ Հիտլերը՝ բռնած այդ պատերազմի պոչը մաշկված, Թաթերը դրած Եվրոպայի հին, ուղտյա ուսերին, Անոգ հայացքը հառած Կրեմլի անհաս լույսերին, Գեբելսի թևով թռչել է ուզում դեպի Մոսկվա… Ֆրիցը,— կռվում ընկած զավակի մահը մոռացած, Ռիբենտրոպը,— բերանում համը մոսկովյան ճաշի, Գեորինգը,— հույսով, որ Ուկրաինայից կստանա բաժին, Գալիս են… Թող գան, թող գան կուրացած խավար ուժերը, Չգիտեն նրանք՝ հանված է իրենց մահվան մանդատը, Քանզի ելնում է մեզ հետ աշխարհի պրոլետարիատը…

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14