Հայոց լեռներում
1902
Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։
Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։
Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները1 սև
Իրարու ետև
Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն2 ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։
Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։
Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։
Ծանոթագրություններ
- 1 օրդու — հորդա, գազանների խումբ կամ ոհմակ, ինչպես նաև մարդկանց անկազմակերպ մեծ խումբ կամ հրոսակախումբ: Հրոդա են անվանվել նաև Չինգիզ խանի տերության մասնատումից ստեղծված առանձին պետությունները (օրինակ՝ Ոսկե Հորդան)
- 2 քարավան — բեռնատար կենդանիների (ձի, ուղտ և այլն)՝ բեռներ ու մարդկանց փոխադրող խումբ՝ սովորաբար երկար ճանապարհ (անապատի, տափաստանների և այլնի) անցնելու համար կազմված։ Միասին ճանապարհ գնացող, միասին ճանապարհորդող մարդկանց խումբ։