Ջուր ծախողը
Ձեռին բռնած կուժ մի պուճուր՝
Ջուր կծախեր, միշտ սառը ջուր
Այն թուխ ու ժիր տղան պուճուր։
Եվ օրնիբուն՝ մտած շուկա՝
Նրա ձայնն էր միշտ ղողանջում,
Ծարավներին ջրի կանչում։
Ա՜խ, այդ ջրի ձայնը վկա,
Ես էլ էի այդպես կանչում,
Բայց իմ ձայնը չէր կարկաչում։
Խմում էին ու… փող չկա…
Գդակս էին գլխիս քաշում,
Ծաղրի աչքով սիրտս մաշում։
Բայց… Արցունքիս կուժն՝ էլ չկա՜,
Ու չի կանչում տղան պուճուր.
— Է՜յ, հաց տվեք, ջու՜ր տամ, պաղ ջուր…
Թեմաներ