Անցնել բովանդակությանը

Էրեբունի

Իմ հուշերի մի աչքի մեջ Տրդատակերտ չքնաղ Անին, Էրեբունի բլրին կանգնած ես նայում եմ Երևանին, Մի աչքովս հետ եմ նայում, մի աչքովս նայում առաջ. Կշռում եմ նորն ու հինը զույգ աչքերով, կշեռք դառած, Վեր ու վար են անում սակայն երկու թաթերն իմ կշեռքի Զույգն էլ քանի իրենց վրա հանճարն ունեն հայոց ձեռքի, Օ՜, չեմ կարող ես մի աչքով նայել ընկած հին հրաշքին, Ում ավերակ մի տաճարն էլ հիացմունք է գոռոզ աչքին, Նորի տված պատառ հացս, թեկուզ լինի կաթն էլ իմ մոր, Նորից հինը մորս կեսն է, մյուս կեսը՝ ելնողն է նոր… Ընկած մորից երես դարձնեմ, լավ է երես դարձնեմ կյանքից, Լավ է թաղվեմ քան թե մի կեղծ շշուկ լսվի իմ շրթունքից։ Ու նայում եմ Երևանին կանգնած բլրին Էրեբունի Հին Անիս է վերածնվում բարուրի մեջ Երևանի Վեր խոյանում ժայռաբարուր հազարաձև գմբեթներով, Մի նոր Հայոց հրաշք դառնում մայր Անիին նմանվելով Հազար ու մի եկեղեցիք փոխվում են ճոխ պալատների Սուրբ զանգերի ղողանջի տեղ, ժխորն է բյուր Հայ մուրճերի, Ելնում է նորն հնի ձևից Մասիսաչափ ձվից անմեռ Մեծ Տերյանից Թումանյանը, Թումանյանից նորերը դեռ Ասես Մեսրոպ Մաշտոցն ինքն է մոնումենտվում նոր արձանով Մի նոր Հայոց հրաշք դառնում մայր Անիին նմանվելով։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 22