Արարատ
(Մասիսն ի վեր)
Երբ օրոցքում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռվում տեսա,
Գերված տեսա ու ես լացի, հայոց ցավերն հեռվում տեսա,
Ա՛խ, ես մանկուց երազեցի սուրալ ազատ Մասիսն ի վեր,
Հովտում այրվել սիրտս բացի, բայց հով սարերն հեռվում տեսա։
Ա՜խ, ասացին, ճամփա չկա քարերն ի վեր, ի վեր Մասիս,
Կընկնի վիհերն՝ ով բարձրանա սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Մենակ դու չես, սիրտ իմ, լացած աչքդ հառել Մասիսն ի վեր,
Արքաներդ են ընկել անմահ դարերն ի վեր, ի վեր Մասիս…
Մի՞թե իրավ անհաս ես դու, ա՛խ, իմ երազ՝ Մասիսն ի վեր,
Մի՞թե մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր,
Նախահայրս է սանդուղք դրել աստղերն ի վեր, ի վեր Մասիս,
Ախ, մի՞թե չեմ համբուրվելու իմ աստղի հետ Մասիսն ի վեր։
Նա՜ է կարոտն իմ անսահման՝ քարերն ի վեր, ի վեր Մասիս,
Թող ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Կտանեմ սիրտս վիրավոր, որպես դրոշ, Մասիսն ի վեր,—
Թեկուզ մահով՝ կբարձրանամ դարերն ի վեր, ի վեր Մասիս…