«Դու երևացար ինչպես վառ գարնան…»
Դու երևացար ինչպես վառ գարնան
Լուսաշող այգի, նշույլ ոսկեթույր.
Դու երևացար — ժպիտդ աննման
Քաղցր էր զերթ սիրո առաջին համբույր։
Ծաղկոցում բացվող քեզ վարդ կարծեցի,
Դըրախտի վայելք տեսա քո աչքում…
Ա՛խ, այդ աչերիդ ես զոհ բերեցի
Եվ անհոգ վիճակ, և սրտիս խնդում։
Եվ եթե դու էլ խաբում ես, ո՛վ կույս,
Սեր չէ խոստանում հայացքըդ չքնաղ,
Թե այս անգամ էլ ունայն է իմ հույս,—
Դարձյալ պի՛տ օրհնեմ հասակըդ մատաղ։
Պիտ օրհնեմ ես այն, թեպետ կարճատև,
Բայց վեհ, հոգեզմայլ հրճվանքի համար,
Որ հոգուս բերիր դու, ինչպես արև,
Ինչպես խնկաբույր մայիս կենարար։