Անցնել բովանդակությանը

Պարզամիտ հովիվ

1883

Օգոստոսին էր, թե հուլիս ամսում, Լավ չեմ հիշում, Մի անմեղ հովիվ, քաղաք չըտեսած, Մտավ բազարը, մահակն ուսին դրած, Խլըշկոտալով, զարմանալով։ Խրտնած պախրի պես շատ դես դեն ընկավ, Վերջը կանգ առավ Մրգավաճառի խանութի առջև Եվ աչքը ձըգեց լիք թաբախներին, Հասուն մրգերին։ Ի՜նչ պտուղ ասես, որ նա չըտեսավ, Չըհիացավ. Տեսակ-տեսակ տանձ ու խնձոր, Թուզ ու սալոր, ունաբ ու հուն, Կարմիր, փայլուն։ Հովիվը նայեց մրգավաճառին Ու մնաց ապշած, Որ այնքան հասուն մրգերի միջին, Ձեռք չի դիպցնում մեկին կամ մյուսին. «Սա կույր կըլինի», ինքն իրան ասեց Եվ փորձել ուզեց. Դեպի բախկալը մահակը մեկնեց Եվ քիչ էր մնում, աչքն էր կոխում. — Է՜յ, ինչ ես անում,— բախկալը գոռաց Սաստիկ բարկացած։ — Բա՜… ես հենց իմացա, դու կույր կըլինիս,— Հովիվը ասաց. Բայց եթե կույր չես, լավ ես նկատո՜ւմ, Բա այդ մրգերից ինչի՜ չես ուտում…

Ստեղծագործության մասին

Ղազարոս Աղայանի «Պարզամիտ հովիվ» բանաստեղծությունը (1883) հումորի և հովիվի մասին։

Քաղաք չտեսած հովիվը բազարում մրգավաճառի խանութի առաջ ապշում է, որ մարդն այդքան մրգի մեջ նստած ոչ մեկին ձեռք չի տալիս, և որոշում է՝ կույր կլինի։ Մահակը մեկնում է ստուգելու, վաճառականը գոռում է, և հովվի պատասխանը ամբողջ բանաստեղծության ծակող տողն է՝ եթե կույր չես, ինչու չես ուտում։

Ստեղծագործությունը պարունակում է 29 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1883 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 29