Անցնել բովանդակությանը

Հավատարմություն

Թե իմանայիր, Ինչ խռովահույզ ճամփաներով եմ տարել իմ սերը, Երբ թվացել է՝ մարել են դարձիդ բոլոր հույսերը, Խարխափել եմ ես անհայտության մեջ կեսգիշերային, Բայց վար չեմ նետել իմ սրտի բեռը։ Իմ ամեն քայլին Նոր գայթակղության առու է եղել, Շամպայնի նման խշշացող, կանչող, արբեցնող առու, Բայց ես թեքել եմ, թեքել եմ ճամփաս ու փախել հեռու։ Սիրել եմ նետել խոսքեր երկսայրի, Որ դիմացինին շփոթեցրել են, մտքերը շեղել, Բայց և նույն պահին բեկել եմ, փոխել Աչքերիս կանաչ ազդալույսերը սթափ կարմիրի Եվ փակել բոլոր ճանապարհները։ Հավաքույթներում ամենից զնգուն ես եմ ծիծաղել Ու երջանկության ծփանք են կարծել իմ երգն ու ձայնը. Բայց երբ գիշերը Ուղեկցողներիս մնաս բարով եմ ասել խնդադեմ Ու տուն մտնելով՝ շրջել եմ դանդաղ դռան փականը, Նույն բանալիով փակել եմ դրսի աշխարհը իմ դեմ Ու խոր հանձնվել իմ կարոտներին, իմ մենությանը։ Քայլել եմ կյանքում մենակ ու համառ, Հասնելու հույսով քայլել եմ նորից, Թեև անհայտ է եղել կայանը… Մի ժպտա այդպես. Հավատարիմ եմ մնացել ես ինձ, Իմ հոգու լույսին, իմ էությանը, Ինձ և ոչ թե քեզ…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 28