Վարդը բացվել ա…
1856
Վարդը բացվել ա ծաղկոցին,
Ամպի ցողը շողա ծոցին.
Ա՜յ վարդին, կարմիր վարդին,
Դաստա Դրախտին։
Թերթիկները դուզ փռել ա,
Նազուք գըլուխը ծըռել ա.
Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
Դաստա Դրախտին։
Չես համբերել, վա՛րդ մայիսին,
Դուրս ես եկել մարտի ամսին.
Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
Դաստա Դրախտին։
Կութառամիս, կուչորանաս,
Մինչ մայիս թե չի դիմանաս.
Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին.
Դաստա Դրախտին։
Տաժան քամուն չես համբերի,
Զազիր ճըճվին կըլիս գերի.
Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
Դաստա Դրախտին։
Չես տեսնելու թիթեռնակին,
Ո՛չ ավետման ծիծեռնակին.
Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
Դաստա Դրախտին։
Կուգա բըլբուլը թեմանեն,
Քեզ կուկանչե գերեզմանեն.
Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
Դաստա Դրախտին։
Կուգանգատե իր սև բաղդեն,
Թե որբ մընաց կարմիր վարդեն,
Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
Դաստա Դրախտին։