Վանեցի մոր երգը
1876
Պըզտի տըղա, չե՛մ օրորիլ օրորանքըդ, որ քուն լաս,
Հայ աղբարքըդ ոտքի ելան, մենակ դո՞ւ ետ պիտ մընաս.
Զարթե՛, հոգիս, անուշ քունեդ, թո՛ղ աչքերըդ լուս տեսնին,
Արևմուտքեն արև ծագեց, բախտը բանեց հայ ազգին։
Չար սուլթանի ոսկի թախտը ջարդվեցավ, վար ինկավ,
Թախտի տակեն հազար ազգաց ազատություն ծագեցավ.
Ով որ շուտով ոտքի ելլե, ազատություն կը գըտնե,
Սիրուն որդի՞ս միթե մենակ չար լուծի տակ պիտ մըտնե։
Մենք սուլթանին շատ խընդրեցինք կողկողագին ու լացինք,
Աղի-աղի արտասուքով ձեռք ու ոտը լվացինք.
Բայց նա չանսաց պաղատանքին ողորմելի հայերուն,
Այժըմ, նայինք, նա կը լըսե՞ շառաչյունը սուրերուն։
Տո՛ւր, սիրական, քակեմ ձեռքիդ պալուլները, արձակեմ,
Ու այդ թուլիկ աջիդ մեջը մի պողպատե սուր դընեմ,
Ըստրուկ գընա՛ արյան դաշտը, վերադարձիր ազատված.
Արդյոք մի օր պիտի լըսե՞ս մեր խընդիրքը, ո՜վ Աստված։
Պըզտի տղայ, չե՛մ օրօրիլ օրօրանքըդ, որ քուն լաս,
Հայ աղբարքըդ ոտքի ելան, մենակ դո՞ւ յետ պիտ մընաս.
Զարթէ՛, հոգիս, անուշ քունէդ, թո՛ղ աչքերըդ լուս տեսնին,
Արեւմուտքէն արեւ ծագեց, բախտը բանեց հայ ազգին։
Չար սուլթանի ոսկի թախտը ջարդուեցաւ, վար ինկաւ,
Թախտի տակէն հազար ազգաց ազատութիւն ծագեցաւ.
Ով որ շուտով ոտքի ելլէ, ազատութիւն կը գըտնէ,
Սիրուն որդի՞ս միթէ մենակ չար լուծի տակ պիտ մըտնէ։
Մենք սուլթանին շատ խընդրեցինք կողկողագին ու լացինք,
Աղի-աղի արտասուքով ձեռք ու ոտը լուացինք.
Բայց նա չանսաց պաղատանքին ողորմելի հայերուն,
Այժմ, նայինք, նա կը լսէ՞ շառաչիւնը սուրերուն։
Տու՛ր, սիրական, քակեմ ձեռքիդ պալուլները, արձակեմ,
Ու այդ թուլիկ աջիդ մէջը մի պողպատէ սուր դնեմ,
Ստրուկ գընա՛ արեան դաշտը, վերադարձի՛ր ազատուած.
Արդեօք մի օր պիտի լըսե՞ս մեր խնդիրքը, ո՜վ Աստուած։
Գրված է արևմտահայ գեղջուկի բերանից՝ արևմտահայերենի ձևերով («ալ», «կու», «ըլլա»)։