Անցնել բովանդակությանը

Տաճկի բանտ

Սոսկալի, մըռայլ, գիճին գետնափոր, Վեր, վայր, ամեն խորշ լի զեռուններով, Դրունք երկաթիք, ծղինիք ժանգոտք, Դահիճ-դռնապանք քանց վագըր վայրագ։ Հազար բյուր տեսա պես-պես տանջարան, Գետնի վրա ցըրիվ ընկած են աստ-անդ Մտրակ ու աքցան, խթան, մանգլիոն. Ահա նոր դըժոխք — կասվի տաճկի բանտ։ Պատերեն կախված անթիվ շղթաներ, Ամեն շղթային կըպած է մի մարդ. Չէ՛, չէ՛, դա մարդ չէ, այլ հավետ կըմախք, Ստվեր է սոսկալի, ո՛չ աստծո պատկեր։ Ասե՛ք, ի՞նչ է մեղքն այս թշվառներին, Կողոպտե՞լ են, գողցե՞լ են, մա՞րդ են սպանել. Չէ՛, չէ՛… Բանտերը լըցվեցան անմեղ հայերով, Կրակ, աքցան ու թույն եկան ի հանդես, Ծովամույն կըլինին Հայք հազարներով, Իսկ Եվրոպ անտարբեր, լուռ ականատես։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Տաճկի բանտ» բանաստեղծությունը Արևմտյան Հայաստանի և տխրության մասին։

Թուրքական բանտի պատկեր՝ գետնափոր, զեռուններով լի, պատերից կախված շղթաներ, ամեն շղթայի կպած մի կմախք։ Հարցին, թե ինչ է նրանց մեղքը, պատասխանը կարճ է՝ անմեղ հայեր են, իսկ Եվրոպան լուռ ականատես։ Անթվակիր բանաստեղծություններից։

Ստեղծագործությունը պարունակում է 19 տող՝ 4-4-4-7 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 19