Մայրաքաղաքում կրթած հայ երիտասարդ
1856
Տեղը եկավ՝ Հայ է նա, տեղը եկավ՝ այլազգի,
Իրոք ո՛չ այդ և ո՛չ այն է, այլ ծընունդ մի նոր ազգի։
Հագնըվում է նա միշտ en grand, ման է գալիս ՝a la chique,
Ճաշ է ուտում, ո՞ւր եք կարծում, chez Dussean կամ Dominique
Կարդում է նա Morning, Débats, ո՛չ Բազմավեպ, ah! fi donc!
Ֆրանսերեն է կոտրատում, հայերենն է mauvais ton,
Զարթում է նա ուղիղ մեկին, անկողնի մեջ թեյ խըմում,
Նախաճաշիկն է երեքին, գաղիացիի պանդոկում.
Վեցին քառորդ՝ ճաշի ժամ է չընաշխարհիկ մեր Հային,
Ո՛չ թե ստիպված է այդ անել, այլ որ վըրան շատ խոսին։
Ուշի ուշով հետևում է Պետերբուրգի լուրերուն,
Դերձկից էլ ճիշտ տեղյակ է новомодный շորերուն.
Թեև զուրկ է մուզիկայից, բայց опера սիրում է,
Бозио-ի անուշ ձենից նորա խելքը գընում է.
Պինդ խոսում է, ինչ որ կանխավ feuilleton- ումն է կարդել,
Խոսքով աշխարհ կործանում է մեր պարոնը անարգել.
Նեպիր, Դունդաս ու այլ անձինք են նյութ նորա զրույցին,
Պախարակում է Hugo-ին ու սիրում է Դիկենսին։
Նա սիրում է, նա ատում է ո՛չ սեփական իր խելքով,
Նա խըմում է, նա ուտում է ո՛չ իր բերնի ճաշակով։
Նորա խելքը feuilleton-ն է, прейс-курант-ն է ճաշակը,
Ու Գիտությանց Ճեմարանը է ո՛ր ասես պանդոկը։
Քանի տարի քաշ է գալիս Պետերբուրգում այս կերպով,
Ու հետ դառնում իր հայրենիք՝ դատարկ խելքով ու ջիբով։
Այնուհետև պահանջմունքը նորա մեծ են, անհեթեթ,
Միայն ինքն է խելոք, գիտուն, իսկ այլք՝ կոպիտ ու տըգետ։
Այդ ի՛նչ զարմանք, որ հիմարը ուզե պատիվ իր անձին,
Նա՛ է հիմար, որ անարժան տա պատիվը հիմարին.
Բընութենեն խելազուրկին Պետերբուրգը խելք չի տալ,
Մեծ հունար չէ փողոցներում աննըպատակ միշտ ման գալ։
Տեղը եկաւ՝ հայ է նա, տեղը եկաւ՝ այլազգի,
Իրօք ո՛չ այդ եւ ո՛չ այն է, այլ ծնունդ մի նոր ազգի։
Հագնւում է նա միշտ en grand, ման է գալիս a՚ la chique,
Ճաշ է ուտում, ու՞ր էք կարծում, chez Dussean կամ Dominique
Կարդում է նա Morning, De, ոչ Բազմավէպ, ah! Fi, doncl
Ֆրանսերէն է կոտրատում, հայերէնն է moivais ton,
Զարթում է նա ուղիղ մէկին, անկողնի մէջ թէյ խմում,
Նախաճաշիկն է երեքին, գաղղիացիի պանդոկում.
Վեցին քառորդ՝ ճաշի ժամ է չնաշխարհիկ մեր հային,
Ո՛չ թէ ստիպուած է այդ անել, այլ որ վրան շատ խօսին։
Ուշի ուշով հետեւում է Պետերբուրգի լուրերուն,
Դերձակից էլ ճիշտ տեղեակ է новомодный շորերուն.
Թէեւ զուրկ է մուզիկայից, բայց опера սիրում է,
Бозио-ի անուշ ձէնից նորա խելքը գընում է.
Պինդ խօսում է, ինչ որ կանխաւ feuilleton-ում է կարդել,
Խօսքով աշխարհ կործանում է մեր պարոնը անարգել.
Նեպիր, Դունդաս ու այլ անձինք են նիւթ նորա զրոյցին,
Պախարակում է Hugo-ին ու սիրում է Դիկկենսին։
Նա սիրում է, նա ատում է ո՛չ սեփական իր խելքով,
Նա խմում է, նա ուտում է ո՛չ իր բերնի ճաշակով։
Նրա խելքը feuilleton-ն է, прейс-курант է ճաշակը,
Ու Գիտութեանց Ճեմարանը է, ո՛ր ասես պանդոկը։
Քանի տարի քաշ է գալիս Պետերբուրգում այս կերպով,
Ու յետ դառնում իր հայրենիք՝ դատարկ խելքով ու ջիբով։
Այնուհետեւ պահանջմունքը նորա մեծ են, անհեթեթ,
Միայն ինքն է խելօք, գիտուն, իսկ այլք՝ կոպիտ ու տգէտ։
Այդ ի՛նչ զարմանք, որ յիմարը ուզէ պատիւ իր անձին,
Նա՛ է յիմար, որ անարժան տա պատիւը յիմարին.
Բընութենէն խելազուրկին Պետերբուրգը խելք չի տալ,
Մեծ հունար չէ փողոցներում աննպատակ միշտ ման գալ։
Օտարալեզու բառերը (ֆրանսերեն, ռուսերեն) բնագրի մասն են՝ երգիծանքի միջոց։