Անցնել բովանդակությանը

Գանգատ

1864

Ղարիբի սիրտն է խոց, ջիգերն է վերամ, / Խըմած ջուրն է լեղի, ու հացը հարամ։

«Կռունկ» երգ
Հալածում է այլազգին ինձ իր բընիկ աշխարհքեն, Հյուրասիրության պարտքը իսպառ հանել է մըտքեն. Ասում է. «հե՞ր ես ունայն երկրե երկիր թափառում, Մի՞թե փոքրիկ խորշ չիկար քու հայրենի աշխարհում»։ — Ասացի, թե՝ անօրենն կողոպտեց մեր հայրենին, Հայաստանի մեջ փոքրիկ խորշ էլ չմնաց հային։ Ասաց. «եթե մարդ չունի իր աշխարհումն կայարան, Չէ՛ նա մարդու հաշվումը, նորա կյանքն էլ է ունայն»։ Ասացի թե՝ ես մահին շատ եմ կանչել, չի լըսում։ Ասաց. «դարձի՛ր հայրենիդ, թե դու մահից չես սարսում»։ — Պանդըխտության օրերըս անցնում է լաց-արցունքով, Իմ հայ լինելուս համար մարդ չի տալիս ինձ բարով. Մատով ինձ նշանց են տալիս, վրաս թափում են բյուր կատակ, Իրար հարցնում են. «հայը ինսա՞ն է, թե՞ նապաստակ. Հայի երակների մեջ ջո՞ւր է վազում, թե՞ արուն, Թուր տեսնելիս զինչ մահից սարսափած հե՞ր է վազում. Հայի բայրաղի վրա ի՞նչ էր գըրած՝ իմացե՛ք»։ — Թըշնամիին տեսնելիս արագ ու հեռու փախե՛ք։— Մեկն ասում է. «կըռվի մեջ հայի ո՞րտեղն է խոցած». Ժպիտը բերնին մյուսը՝ «մեջքն է անշուշտ, անկասկած»։— Մեկն ասում է. «Հայ ազգի ի՞նչ էր զենքը սոսկալի». — Ամա՜ն, կյանքըս խընայե՛, աղաղակելն է խըղճալի:- «Բաս ասում են, որ հայը օր մի եղել է խիստ քաջ». — Նա հիմի էլ էդպես է, միայն… իր կընկա առաջ։— «Ասիումը հընում հայը հըզոր էր հիշվում…» — Ի՞նչ զարմանք, երբ կուրերին միականին է իշխում։— Այսպես կըծու խոսքերով ինձ բարևում են օտարք… Զընդան բանդ է իմ համար պանդըխտության լույս աշխարհք։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Գանգատ» բանաստեղծությունը (1864) պանդխտության և հայրենիքի մասին։

«Կռունկ» երգի երկու տողով բացվող գանգատ պանդխտությունից. օտարը հալածում է, հարցնում է, թե ինչու չունի փոքր անկյուն իր երկրում, և ծաղրում է՝ հայի երակներում ջո՞ւր է, թե արյուն, ո՞ր տեղն է կռվում խոցվում, մեջքը՞։ Ամեն ծաղրին բանաստեղծը դառը պատասխան ունի, և պանդխտության լույս աշխարհը վերջում զնդան է։

Ստեղծագործությունը պարունակում է 28 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1864 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 28