Անցնել բովանդակությանը

Այց Հայաստանի

1878

Նվեր Գրիգոր Արծրունուն

Ի տես կու գամ քեզ, իմ թըշվա՜ռ դու հայ, Աչքով տեսնել քու քանդած տըները, Ականջով լըսել գանգատ քու ու վայ, Ձեռքով շոշափել քու խոր խոցերը… Հեռուեն մենք շատ քեզ կարեկցեցինք, (Չոր կարեկցություն փող չի պահանջում), Մարդոց առջևն էլ երբեմըն լացինք, Որպես թե Հային մենք շատ ենք սիրում։ Թե մոտ լինեինք — այնպես չէ՞, Հայեր — Մեր ըստրուկ եղբարց պիտ պաշտպանեինք. Մեզ բաժնում էին սարեր ու ձորեր, Ասե՛ք՝ օգնության ինչպե՞ս հասնեինք… Ունա՜յն բարբաջանք ու պատի՜ր խոսքեր, Բոզի արտասունք, զգացմունք ըստըրկի. Ավա՜ղ, անհոգի ու անսիրտ հայեր, Լոկ խոսքով մի ազգ չի կանգնիլ ոտքի։ Վըհատի՜չ մըտքեր… բայց ես ի՜նչ անեմ, Չունիմ ես ոսկի, որ եղբարցըս տամ. Ույժ էլ չունիմ ես՝ նոցա պաշտպանեմ… Է՜հ, կերթամ հետերն գեթ տըրտմիմ ու լամ։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Այց Հայաստանի» բանաստեղծությունը (1878) հայրենիքի և երգիծանքի մասին։

Գրիգոր Արծրունուն նվիրված ինքնաքննադատություն. հեռվից կարեկցեցինք, մարդկանց առջև լացինք, ասացինք՝ թե մոտ լինեինք՝ կպաշտպանեինք։ Բանաստեղծը դա ունայն բարբաջանք է անվանում և իր մասին էլ նույնն է խոստովանում՝ ոսկի չունեմ, ուժ չունեմ, կերթամ գեթ տրտմեմ ու լամ։

Ստեղծագործությունը պարունակում է 20 տող՝ 8-4-4-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1878 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 20