Անցնել բովանդակությանը

61-երորդ հոդված

1878

Վաթսուն ու մեկ հոդված՝ դու Հայաստան խըղդեցիր իսպառ, Հայի սիրտն ու հոգին անխընա արիր պատառ-պատառ. Ամեն ազգ կը ցընծա արդիս ազատ կյանք վայելելով, Միմիայն խեղճ հայը օրը կանցնե վայ գըլխուն տալով։ Վաթսուն ու մեկ հոդված՝ դու Հայաստան խըղդեցիր իսպառ, Հայի սիրտն ու հոգին անխընա արիր պատառ-պատառ։ Տաճիկը կատղած է, քյուրտերը գայլի պես կը շրջեն, Անունը խեղճ Հայի Հայաստանի վըրայեն կըջընջեն։ Վաթսուն ու մեկ հոդված՝ դու Հայաստան խըղդեցիր իսպառ, Հայի սիրտն ու հոգին անխընա արիր պատառ-պատառ։ Ձեր անբախտությունը, ավա՜ղ, չունի ո՛չ չափ, ո՛չ վախճան, Ո՜վ հայեր՝ ո՞ւմ դիմեք, կորստի մեջ է խեղճ Հայաստան։ Վաթսուն ու մեկ հոդված՝ դու Հայաստան խըղդեցիր իսպառ, Հայի սիրտն ու հոգին անխընա արիր պատառ-պատառ։ Վեց հարյուր տարի է, որ դուք ունայն արցունք կը հեղուք, Մերթ Աստուծո, մերթ մարդոց հուսով խաբված սև օրեր կանցնուք։ Վաթսուն ու մեկ հոդված՝ դու Հայաստան խըղդեցիր իսպառ, Հայի սիրտն ու հոգին անխընա արիր պատառ-պատառ։ Պատիր հուսով կորաք, կործանեցիք թըշվառ Հայաստան, Ու անտեր մընացիք, աշխարհիս մեջ չունիք ապաստան։ Վաթսուն ու մեկ հոդված՝ դու Հայաստան խըղդեցիր իսպառ, Հայի սիրտն ու հոգին անխընա արիր պատառ-պատառ։ Սուտ խելքը, սուտ վախը մոռցած՝ ըլլայիք խելառ քաջեր, Իցե ավելի շուտով ազատվեիք, պարզամի՜տ հայեր։ Սև թանաքով մըրոտած հոդվածները, ասե՛ք, ի՞նչ անեն, Երբ հայերը քաջություն ու անվախ սիրտ իսպառ չունեն։

Խոսքը Բեռլինի պայմանագրի (1878) 61-րդ հոդվածի մասին է, որ Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ էր խոստանում։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «61-երորդ հոդված» բանաստեղծությունը (1878) հայոց պատմության և Արևմտյան Հայաստանի մասին։

Բեռլինի պայմանագրի հայկական հոդվածին ուղղված անեծք, որ կրկներգի պես վերադառնում է ամեն երկտողից հետո՝ դու Հայաստանը խեղդեցիր իսպառ։ Հոդվածների սև թանաքն ինքնին ոչինչ չի անում, եթե հայերը քաջություն ու անվախ սիրտ չունեն։

Ստեղծագործությունը պարունակում է 26 տող՝ բաժանված 13 երկտող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1878 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 26