Անցնել բովանդակությանը

Ողբում եմ

«Մարդը ափի մեջ» ժողովածու · 1957

Ողբամ վաղամեռ մինուճար որդուն, Առավել՝ նրա խեղճ մորը տրտում, Եվ որդեկորույս մորից առավել՝ Վա՜յ տամ ու ողբամ այն թշվառ մարդուն, Որ հավա՛տ ուներ — և ծովածավա՜լ,           Եվ հիմա չունի՛,           Մի՜ կաթիլ չունի… Ստիպողական ժպիտըդ ողբամ, Հարգանքըդ ողբամ, թե հարկադիր է, Թե աղբյուրի պես սրտից չի բխում, Այլ լիմոնի պես քամվում է վախից…           Եվ դողը ողբամ, Եթե չի ծնվում նա ակնածանքից Եվ կամ թե սրտում այն դեռահասի, Որ իր կյանքի մեջ առաջի՛ն անգամ           Ծրար է բացում՝           Սիրային նամա՜կ։           Ա՛յն դողը ողբամ, Որ զոռով-շառով որդեգըրվում է, Եվ կնքահայր է դառնում Երկյուղը, Եվ կնքամայր է դառնում Սարսափը…           Քե՜զ ողբամ, աստվա՛ծ,           Եթե սուտ ես դու։           Ողբամ, սո՛ւտ, և քե՜զ,           Եթե քո հագին           Դու ճշմարտության քղամիդ ունես.           Եվ քե՜զ, քղամի՛դ, Թե ուս ես ծածկում և ոչ թե քամակ… Հիասթափությո՛ւն, քե՜զ ողբամ նաև, Եթե գալիս ես և էլ չես գնում, Ինչպես չի գնում հյուրը աներես։ Ողբամ և հյուրին, որ տանն օտարի Իրեն պահում է տանտիրոջ նման, Եվ տանտիրոջը՝ թե չի վռընդում, Նրան թողնում է կնոջ հետ մենակ,           Աչքը դո՛ւրս կնոջ, Որ շատ է սիրում արցունքով զինվել։           Արցունքն էլ ողբամ, Եթե արցունքը՝ ցավը մեղմելով՝ Եվ քենն է փոխում հնազանդության.           Թող քենը գործե՜ր…           Վայ տամ ա՛յն գանգին, Ուր ձմեռում է խելքը՝ արջի պես.           Նաև ա՛յն գանգին, Որ ուսին դրված կաղամբ է ասես, Եվ այդ կաղամբը այնտեղ է հասել, Որ՝ օգտըվելով նմանությունից՝ Իրեն վիթխարի վարդ է հռչակում Ու դեռ սոխա՜կ է պահանջում նաև,           Եվ հարցնող չկա,           Թե ո՞ւր է գույնըդ,           Բուրմո՞ւնքդ ուր է…           Ճիշտ այսպես՝ Նաև վայ տամ տականքի՛ն, Որ իրեն յուղից թանկ է համարում           Լոկ այն պատճառով,           Որ… ծանր է յուղից.           Ա՛յն արձագանքին,           Որ հոգնած «մեռա»-ն           Դարձնում է «ուռռա՛»…           Ճիշտ այսպես՝ Պիտի այն ցա՛նկը ողբամ, Որ միայն ինքն է մնացել գրքից.           Այն վա՛նքը ողբամ, Որ վեր է ածվել բողկի պահեստի.           Այն վա՛նկը ողբամ, այն վա՜նկը, որին Զրկում են միա՜կ իր ձայնավորից.           Նաև հավանգը, Թե հավանգի մեջ լոկ ջուր են ծեծում.           Նաև սահանքը, Եթե սահանքը… խելագարվել է՝           Բռնել է գրազ Նույնիսկ ձկներին խեղդամահ անել,           Բռնել է գրազ Եվ մտադիր է գրազը տանե՜լ… Եվ ողբամ նաև… Ինքըս ի՜նձ ողբամ, Թե այսպես պիտի ողբամ — վայ կանչեմ Եվ իզուր տեղը ինքըս ինձ տանջեմ…

Մոսկվա, 03.VI.1957թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1957 թ.
Ժողովածու Մարդը ափի մեջ
Տողերի թիվ 79