Նախերգանք
«Նորից քեզ հետ» ժողովածու
Ես լեռներից իջնում եմ ցած՝
Պղտորությունըս պարզելով,
Ինչ-որ չափով հարստացած,
Ինչ-որ չափով նվազելով։
Ելման գետն իմ ջահելության
Սահանքները իր փոթորկուն
Փոխարկում է մի մեղմության,
Որ խռովքն է պահում խորքում։
Դեմըս դաշտն է, հովիտն արձակ,
Կանաչապատ և ծառալի։
Զուր վատնումն է արդեն հանցանք,
Աղմըկելը՝ ծիծաղելի։