Անցնել բովանդակությանը

Մի խորունկ գաղտնիք

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Շա՜տ խարազան է շաչել իմ գլխին, Շա՜տ մտրակ՝ մեջքիս հասցեագըրվել, Եվ հարվածների, զարկերի թիվը Համրելու համար ինձ պետք է հիմա Մի պատկառելի հաշվապահություն։ Բայց… Այսօր բացեմ գաղտնիք մի խորունկ Որ անշուշտ պիտի խիստ ցավ պատճառի Ինձ ցավ պատճառել ցանկացող մարդկանց։ Նրանք զարկե՜լ են, հարվածե՜լ, ծեծե՜լ, Բայց ինձ ո՛չ մի զարկ չի հասել բնավ, Ինձ ո՜չ մի հարված չի դիպել երբեք, Ու ես ո՛չ մի ծեծ չեմ կերել կյանքում։ Նրանք զարկե՛լ են, հարվածե՛լ, ծեծե՛լ Ո՛չ թե ինձ, Այլ լոկ այն տեղը, ուր ես Կանգնած եմ եղել մի վայրկյան առաջ, Մի վայրկյան առաջ… առաջ եմ անցել։ Եվ, այնուհանդերձ, եթե ինձ նրանք Ցավ են պատճառել, Ապա ա՛յն փոշով, Որ բարձրացել է նրանց հարվածից Եվ ինձ հասնելով լոկ հեռվից հեռու՝ Լցվել է իրե՛նց, իրե՜նց աչքերը…

[1959թ.]

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 24