Լինում է - չի լինում,- ինչպես հեքիաթներում
«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1946
Լինում է — չի լինում,- ինչպես հեքիաթներում,-
(Ա՜յն է, որ տատըս էր պատմում ամեն գիշեր),-
Լինում է — չի լինում՝ մեր տան մոտ ու հեռու
Մի գեղեցիկ աղջիկ՝ վարսերը սև։
Լինում է — չի լինում… Միակ որդին մեր տան
(Նման հեքիաթների կրտսեր որդուն)
Սիրո՜ւմ, շա՛տ է սիրում այդ թովիչ աղջըկան,
Սիրում է — չի սիրում աղջիկը թուխ…
Հետո, ամեն գիշեր, երբ մութն է թանձրանում,
Տղան թափառում է այգում ամա,
Ուր ծառերի միջից լուսինն է բարձրանում
Եվ թախծո՜ւմ նրա հետ, նրա՜ համար։
Լինում է — չի լինում… Խորհրդավոր լռում,
Վերջանում է սիրո հեքիաթն այստեղ…
-Եղել է — չի եղել,- ինչպես հեքիաթներում,-
Եղե՞լ է, չի՞ եղել,- ես չըգիտե՜մ…
Երևան, 14.V.1946թ.