Խանդում եմ
«Մարդը ափի մեջ» ժողովածու · 1957
Ես խանդո՞ւմ եմ։
Անկեղծ ասած, թե ամոթ չէ,
Ինձ շատ ծանոթ և շատ մոտ չէ
Այդ ահավոր խանդ կոչվածը.
Իմ մեջ, գուցե, բնությունից
Ինչ-որ մի բան անտեսված է,
Ուրիշ մի բան՝ տնտեսված է։
Ընդամենը գիտեմ լոկ այն,
Որ ես այնտեղ, որտեղ մարդիկ
Հավանաբար և խանդում են,
Բարկանում եմ — ոչ տևական,
Քմծիծաղում — անբավական,
Կամ ծիծաղում — անբնական,
Եվ… եղածը ես քանդում եմ։
Մեր խորտակված սերը վկա…
Մոսկվա, 19.XI.1957թ.