Խաղաղություն և հաղթանակ
«Անմահները հրամայում են» ժողովածու · 1947
Ճերմակել է նորից աշնան դաշտը դեղին-
Կրկին ձյունն է իջնում անհունորեն խաղաղ,
Ամեն աղմուկ ու ճիչ թվում է անտեղի,
Անհարիր է թվում ամեն մի աղաղակ…
Սակայն գիտես, որ այս խաղաղության ներքո -
Անհարազատ, օտար աշխարհներում,
Ինքն իրենից հոգնած, ինքն իրենից դժգոհ
Մի մութ փոթորիկ է գաղտնի հևում։
Գիտես, որ աշխարհում — քո աշխարհից հեռու,
Որքան էլ որ ձմռան երկինքն է անկայծակ,
Կայծակներ են սակայն պահվում մութ ամպերում,
Որպես գալիք կռվի բոցահարույց կայծհան։
…Սակայն գիտես նաև, որ ձմեռից հետո
Իր հաղթական տոնով միշտ մայիսն է գալիս,
Որ արկերով դաժան և վառոդի ծխով
Չի ընդհատվում երբեք շունչը դարի։
Երևան, [1947թ.]