Դարը
«Անմահները հրամայում են» ժողովածու · 1947
Դարն այս, ուր ամեն ինչ գիտակցված է, օ՛, խի՜ստ,
Եվ ընթանում է միշտ ո՛չ ակամա,
Ուր գոյության համար չկա միջին ուղի,
Ուր միմիայն պետք է ընտրել կամ ա՛յս՝ կամ ա՛յն,-
Դարն այս և ի՛մ մեջ է, և քո՛ մեջ է — մե՜ր մեջ.
Նրա ծնունդն ենք մենք, նրա արյունն ենք թանկ,
Եվ չենք կարող երբեք մեր հոգու մեջ մեղմել
Ա՛յն, ինչ ժառանգել ենք մենք սրությամբ։
Թեթևության համար դարը մեզ չի ներում,
Ինչպես որ չենք ներում ինքներս մեզ․—
Սո՛ւր է դրված հարցը լինել-չլինելու…
Մենք, որ լինելու ենք՝ լինենք ծա՜նր և մե՛ծ։
Եվ հասկանանք, սի՛րտ իմ, ինչ մե՛զ է վիճակվել,
Որքան ծա՛նր է, դժվա՛ր, նույնքան թա՛նկ է, անգի՛ն,
Եվ եթե մեզ պահենք թեթևամի՛տ, անգե՛տ,-
Առա՛նց խնայելու դարը մեզ կապտակի…
Երևան, 09.II.1947թ.
Թեմաներ