Անցնել բովանդակությանը

Կեսգիշերային բնանկար

«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1964

Քամին փոշուց ծուխ էր սարքում, Ծուխ անկրակ, Ու տարածում պուրա՜կ-պուրա՜կ, Իսկ դրանից ձանձրանալով՝ Վճռում խաղալ պահմտոցի, Եվ պահվում էր, Այնպե՛ս պահվում, Որ գյուղացիք ասում էին «շոգից մեռա՜նք»։ Օրը քակել իր ծալքերը Ու փռել էր աշխարհով մեկ. Մի ծալքից՝ շո՛գ, Երկրորդից՝ տա՛պ, Երրորդից՝ տո՛թ։ Տառապում էր նույնիսկ օդը՝ դողէրոցքից։ Տաքության մեջ զառանցում էր ամեն մի բույս։ Լռություն էր մի այնպիսի՜, Ասես ծերուկ բնությունն էր ուշաթափվել։ Եվ այդ ահեղ լռությունից մանկան նման վախենալով, Միակ ջուրը՝ աղբյուրը խեղճ, Կարծես ոչ թե կարկաչում էր առու դարձած, Այլ հեկեկում — ջղաձգվում… Ջրով լի դույլն ստիպում էր, որ աղջըկա Բոլո՜ր թովիչ պահուստները բացահայտվեն՝ Նույնիսկ իրեն վարագուրող հագուստի տակ։ Իսկ ես նաև նայում էի դույլի ջրին, Որ աղջըկա քայլվածքի հետ Իր ողջ կապույտ մակերեսով Աջ էր գնում — ձախ էր գալիս, Ասես լիներ մեկ միաձույլ սկավառակ Ջուրն՝ աղջըկա քայլվածքի հետ, Ջրի հետ էլ՝ երկինքը մով։ Եվ ջուրը չէր ելնում-իջնում, Կարծես երկինքն էր դույլի մեջ Գլխապտույտ զգում անվերջ… Եվ այս ամենն՝ ա՛յն պատճառով, Որ քունն ինձնից անմեղ տեղը, Խռովել է ու… լքե՛լ ինձ։

Երևան, 06,12.II.1964թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1964 թ.
Ժողովածու Գիրք մնացորդաց
Տողերի թիվ 37