Անցնել բովանդակությանը

Կարծում եմ

«Մարդը ափի մեջ» ժողովածու · 1957

Ես կարծում եմ. երբ խոր վերքից Մարդ ժպտում է համառությամբ, Այդ ժպիտը վերջ ի վերջո Փոխարկվում է ծամածռության… Ես կարծում եմ. երբ որ ջուրը Վարարում է, ելնում ափից, Թույլտըվություն չի վերցընում Իրեն հսկող նեղ քարափից… Ես կարծում եմ. պաղն ավելի Լավ ես զգում ամռան շոգին, Դողն ավելի լավ ես զգում Ձմռան բքին… Հողն ավելի լավ ես զգում Այն ժամանակ, Երբ նա հանկարծ տատանվում է Քո ոտքի տակ…

Մոսկվա, 20.V.1957թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Կարծում եմ» բանաստեղծությունը (1957, «Մարդը ափի մեջ» ժողովածուից) խոհի և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1957 թ.
Ժողովածու Մարդը ափի մեջ
Տողերի թիվ 16