Անցնել բովանդակությանը

Գոյություն ունեմ

«Մարդը ափի մեջ» ժողովածու · 1957

Ես մտածո՞ւմ եմ։           Բա՛ն չեմ մտածում… Լեռնային գետն է թավալվում ցածում,           Ինչ-որ մրջյուն է           Կծում իմ ոտը.           Ինչ-որ թռչուն է           Թրատում օդը. Սառույցն է շողում լեռան կատարին, Ինչպես որ երեկ ու բոլոր տարին… Վիճաբանո՞ւմ են խոտերն ու քամին, Թե՞ դատապարտում սուտ բարեկամին… Ինչպե՞ս չեն փլչում այս լեռ քարերը, Թե կտրատվել են նրանց կարերը… Ինչո՞ւ քարն է պինդ, իսկ ջուրը՝ հեղուկ Եվ ապառաժը՝ անձայն ու համըր, Իսկ այս տատրակը անվերջ գեղգեղում՝ Շատախոսելով հանում է համը…           Ես մտածո՞ւմ եմ։           Բա՛ն չեմ մտածում։ Ես նույնն եմ անում, ինչ գետը ցածում,           Ինչ այս մրջյունը           Եվ այս թռչունը,           Այս խոտն ու քամին           Եվ սարն ու քարը․— Շարունակում եմ իմ գոյությունը…

Մոսկվա, 25.V.1957թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1957 թ.
Ժողովածու Մարդը ափի մեջ
Տողերի թիվ 25