Անցնել բովանդակությանը

Անծանոթուհուն

«Նույն հասցեով» ժողովածու

Ես մտածում եմ. Կանցնի մի շաբաթ, Ու ես վերըստին կտեսնեմ նրան, Ում հանդիպեցի առաջի՜ն անգամ, Եվ մի-երկու բառ փոխանակեցինք՝ Չծանոթացած։ Կտեսնեմ նրան Ու կասեմ «դու»-ով. — Թույլ տուր տամ մի հարց, Բայց շատ եմ խնդրում, Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք։ Անցել է ահա ուղիղ մի շաբաթ, Եվ ողջ մի շաբաթ ժպտացել ես ինձ, Անվե՜րջ-անդադա՜ր ժպտացել։ Ինչո՞ւ։ Եվ ի պատասխան ի՛նչ էլ իմանամ, Ի՜նչ էլ ինձ ասես՝ Ես գոհ կմնամ, Իսկ եթե շիկնես՝ Առավե՛լ ևըս։ Իսկ եթե շիկնես՝ Կշարունակեմ. — Երկու փոսիկը, Որ կա երեսիդ, Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել Հմայքի ծովո՜վ։ Ես նո՛ր հասկացա, Թե ոնց է լինում, Որ հողագընդի կլոր կողերից Ծովերը երբեք չեն թափվում ներքև, Ու չեն դատարկվում այն փոսիկները, Որ մենք կոչում ենք ծովերի հատակ… Եվ ի պատասխան ի՛նչ էլ իմանամ, Ի՜նչ էլ որ ասես՝ Ես գոհ կմնամ։ Միայն… միայն թե դու չնկատես, Որ հանկարծ ես քեզ՝ Անծանոթուհուդ, Դիմել եմ «դու»-ով։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նույն հասցեով
Տողերի թիվ 39