Անցնել բովանդակությանը

Անքնություն

«Նորից քեզ հետ» ժողովածու

Քունըս չի տանում, Դու էլ մի քնիր, Հետս էլ կրկընիր, Որ Հայաստանում Հիմա գարունը Բացվել է արդեն. Թողած հին հունը՝ Գետերը հորդել, Պղտոր ու խելառ Դես-դեն են խփում։ Կանաչից հարբած՝ Գառներ ու հորթեր Լեռնալանջերին Խայտում են, ծփում։ Մոշու թփեր են Չորս բոլոր աճել։ Մի մոլոր գառնուկ Պճեղն է դաջել Ոլոր կածանի Կիսաթաց հողին։ Խազալի վրա Մի բուռ հին կաղին Տվել է իրեն Լո՜ւռ արևկողի։ Կոճղը դարձըրած Իր համար սեղան՝ Պսակ է գործում Մի պուճուր տղա Ու գցում վզին Իր ծիրան եզի։ Իսկ մա՜յրը տղի… Պառավն անտեղի՛, Զո՜ւր է տեղ գցել Քնելու համար. Նա, ինձ պես, գուցե Չի քնել հիմա, Նա՛, որին դեմքով Ես շա՜տ եմ նման…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Անքնություն» բանաստեղծությունը («Նորից քեզ հետ» ժողովածուից) սիրո և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 38 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 38