Անցնել բովանդակությանը

Անպայման պայման

«Թռուցիկ երգեր» ժողովածու · 1963

Մտքեր խա՞կ, թե՞ հասուն,- Ո՞ւմ է պետք երգի մեջ։ (Մի կտոր հանածո ոգի է հարկավոր, Մի պատառ կախարդանք, Մոգության մի պճեղ, Մի բացվող փակագիծ, Անհայտի մի լուծում)... Շրջում են «ինչու»-ներ՝ էակներ սապատված, Որ չունեն օթևան ու չունեն դեռ անուն։ Հոգու մեջ տալ անկյուն ու լեզվով մկըրտել Սապատված մի «ինչու» — Ու երգը կհնչի՜... Հույզեր մե՞ծ, թե՞ ճղճիմ,- Իսկ ո՞վ է վճռելու։ (Մի կտոր արնածոր տաք միս է հարկավոր՝ Սեփական ձեռքերով իրենից պոկոտած, Մի սարսուռ օդեղեն, Մի սարսում ընդերքի)... Մթության երանգներն առատ են ավելի, Քան բոլոր մնացած գույները գումարված։ Խուսափուկ խլիրտի քղանցքից գեթ կառչել, Ստվերի վետվետուն քայլվածքը ճանաչել,- Ու երգը չի՜ կարող չհնչել ինքնակամ... Ի՞նչ անել և ինչպե՞ս. Հա՞ստ մանել, թե՞ բարակ։ (Լի օրվա երակին պատվաստել կիրակի՛, Վեճ մղել ծովի՛ հետ, Ամաչել կրակի՛ց, Չուշանա՜լ, չշտապե՜լ),- Եվ այնժամ, օ, հարկավ Իր պոչին կտնկվի ձվաձև առարկան, Եվ արփին ափիդ մեջ կդառնա ձվածեղ...

Երևան · 07.X.1961թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1963 թ.
Ժողովածու Թռուցիկ երգեր
Տողերի թիվ 31