Անցնել բովանդակությանը

Վրաստանի համար

1916

Երբ խոսում են Վըրաստանի Թըշնամանքից արյունոտ, Զարմանք է ինձ պատում հայտնի, Եվ խորին ցավ, և ամոթ։ Ո՞չ ապաքեն գիտեն նըրա Ոսոխները մինչ անգամ, Աղ ու հացն է սիրել միշտ նա, Միշտ աշխարհքին բարեկամ։ Թեև պատած հազար վերքով Շատ ցավեր է նա տարել, Բայց խաչակիր իրեն ձեռքով Դեռ ոճիր չի կատարել։ Եվ իր ձեռքը եթե համառ Տարածում է հին վըկան, Ոչ թե դաժան գործի համար, Այլ դեպ պայծառ ապագան։ Եվ ի՞նչպես չեն տեսնում ոմանք Նըրա ընթացքն աննըկուն, Ո՞նց են ասում.— իր բախտի տակ Նա ընկել է անկանգուն։ Ո՞չ ապաքեն Կովկասն անսաստ Պատ է կանգնած մինչ երկին, Որ չըհաղթի բուքը նըրան, Ինչքան սուրա մոլեգին։ Ո՞չ ապաքեն Պոնտոսը հար Շունչ է հոսում հով ու զով, Որ նա հավետ մընա դալար, Խորշակներից ապահով։ Եվ չե՞ն լըսել դեռ վըրացու Երգը զըվարթ ու անհոգ, Ո՛նց է ծաղրում նա մահացու Ամեն հարված անողոք։ Երբ խոսում են իր անկումից, Թըշնամանքից արյունոտ, Զարմանք է ինձ պատում անվերջ, Եվ խորին ցավ, և ամոթ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1916 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 36