Անցնել բովանդակությանը

Նկարիչ Գ. Բաշինջաղյանի «Ձորագետը գիշերով» նկարի առջև

1890

Արտի՛ստ, քաջերի այս ձորն ահարկու Յուր բնավայրից փոխադրել ես դու. Մե՛ծ է արդարև, մեծ է քո հոգին, Որ ընդգրկել է ժայռերն ահագին Իրենց սեփական խոր մտածմունքով, Փրփրուն գետը փայլուն ծփանքով, Լուսին-աստղերով կամարը երկնի Եվ համատարած խավարն ահռելի… Լո՜ւռ հանգստություն— գիշեր է մթին. Հանգստանում է նաև իմ հոգին։ Բայց ահա, այնտեղ, ձորի խորքերում Մի մենակ վառվող լույս է երևում. Այո՛, մի խուզ կա այն ձորի միջին, Դու ճանաչո՞ւմ ես նորա բնակչին… Օ՜հ, չես ճանաչում— անծանոթ ես դու, Բայց թե գիշերը և նրա հոգու Կարողանայիր տեսնել և զգալ— Հանգստություն չէիր նայողին դու տալ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1890 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 18