Մոռացված վարդեր
1898
Ձեր վարդերը թողիք մեզ մոտ,
Ափսոսում եմ ես սըրտանց,
Եվ նրանց բույրն անուշահոտ
Ափսոսանքով է լըցված։
Ափսո՜ս, ափսո՜ս… ինչո՞ւ եք դուք
Ձեր վարդերը մոռանում.
Չէ՞ կան բաներ մեր կյանքի մեջ,
Որ մոռանալ չի լինում.—
Չեն մոռանալ աղջիկ ու սեր,
Չեն մոռանալ վարդ ու բույր…
Առանց նրանց՝ կյանքը ձմեռ
Ու գիշեր է սևաթույր։
Թե մոռացան— առավոտը,
(Մի գիշեր է միայն անցնում),
Ո՛չ այն սիրտը, ո՛չ այն հոտը
Էլ չեն գըտնիլ նըրանցում…
Ձեր մոռացած այն վարդերը
Ուղարկում եմ ես ահա,
Դեռ մնում են ողջ թերթերը,
Բայց բուրմունքը— էլ չըկա։