Անցնել բովանդակությանը

Անուշ

Պոեմ · 1901 · 7 մաս

Մաս 4 / 7

ԵՐՐՈՐԴ ԵՐԳ

Գլուխ 1 / 5

XII

Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք, Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի. Գյուղն էին իջել հովիվ պատանիք՝ Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի։ Ու պարից հետո լեն հըրապարակ Բաց արին մեջտեղն արձակ գըլխատան, Զուռնաչին փըչեց կոխի եղանակ, Ահել ու ջահել իրարով անցան։ Հարա՜յ են տալի — «քաշի՜ հա, քաշի՜…» Ու դուրս քաշեցին զոռով երկուսին. Մինը մեր Սարոն, իսկ մյուսն Անուշի Անդրանիկ եղբայր գառնարած Մոսին։ Ողջ գյուղը կանգնեց պարըսպի նման, Ջոկվեց, բաժանվեց երկու բանակի, Ամեն մի բանակն ընտրեց փահլևան, Կանգնեց թիկունքին տըղերանց մեկի։ Գոռում են, գոչում երկու բանակից. — Սըրտապինդ կացեք, մի՛ վախեք, տըղե՛րք, Իսկ նորեկ հարսի փարդի քամակից Նայում են կանգնած հարսն ու աղջըկերք։ Ու տաքանում են տըղերքը սաստիկ, Փեշերը հավաք խըրում են գոտին, Գետին են զարկում ձեռքերը հաստլիկ, Իրար են հասնում թափով մոլեգին… Ադաթ կա սակայն էն մութ ձորերում, Ու միշտ հընազանդ հընոց ադաթին, Ամբոխի առջև իգիթն իր օրում Գետին չի զարկիլ ընկեր իգիթին։ Ու իրար բըռնած Սարոն ու Մոսին Քաշում են, ընկնում խոզապարկուկի. Ընկնում են գետին, ելնում միասին, Դըժվար է իբրև հաղթել մեկ մեկի։ Իզուր է գոռում ամբոխը հարբած, Զուր սըրտատըրոփ նայում աղջիկներ, Եվ զուր է Անուշն իր շունչը կըտրած, Սառել ու կանգնել ինչպես մի պատկեր։ Անուշը կանգնա՜ծ… Սարոն նըկատեց, Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ. Աչքերի առջև մըլարը պատեց, Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարք։ Ու մինչդեռ Մոսին ընկերախաղի, Կատակի տալով թողած էր իրեն, Ուժ արավ Սարոն, ծընկեց կատաղի, Գետնեց ընկերին ու չոքեց վըրեն։ Ամբոխը թափվեց հարա-հըրոցով, Վեր թըռցրեց ջահել փահլևաններին, Եվ ուրախության աղմուկ-գոռոցով Հաղթողին փեսի թախտի մոտ բերին։ Ցընծության ձայնից, ծափերի զարկից Շարժվում են, ղոդղում պատեր ու օճորք, Իսկ նորեկ հարսի փարդի քամակից Նայում են կանգնած հարսն ու աղջըկերք։

Ստեղծագործության մասին

Ժանր Պոեմ
Գրության թվական 1901 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 860