Անցնել բովանդակությանը

Անուշ

Պոեմ · 1901 · 7 մաս

Մաս 3 / 7

ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ

Գլուխ 1 / 2

X

(Համբարձման առավոտը) Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան Զուգել են հանդեր նախշուն գորգերով։ Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան Վիճակ հանելու աշխույժ երգերով։ — Համբարձում, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա, Սև սարեր, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա։ Երգ ու բույր խառնած, Թև-թևի բըռնած Զուգում են լեռներ, Ծաղիկ են քաղում, Ծաղկի հետ խաղում, Ինչպես թիթեռներ։ Համբարձում, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա, Լավ օրեր, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա։ Եկավ Համբարձում՝ Ծաղկով զարդարված, Մեր բախտին հարցում. — Ո՞վ է մեզ գըրված։ — Ա՛յ ջան տղա, չոբա՛ն տղա, ո՞ւմն ես դու։ — Աստված գիտի, աշխարհ գիտի՝ իմն ես դու։ Դե հանի՛ր, ա՛ղջի, Վիճակն ի բարին, Երգերով գովենք Էն իգիթ յարին։ — Բեղը ծիլ-ծիլ, բոյը թիլ-թիլ էն յարի, Ի՜նչ դարդ ունեմ, քանի նա կա աշխարհի։ Համբարձում, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա, Հուր սըրտեր, յա՛յլա։ Յա՛յլա ջան, յա՛յլա։ Թընդում են երգեր, խընդում են սըրտեր, Ու շուրջ բոլորած վիճակ են հանում. Ելնում է մեկին իր երազն ու սեր, Մյուսի մուրազը սըրտումն է մընում։

Ստեղծագործության մասին

Ժանր Պոեմ
Գրության թվական 1901 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 860