Անցնել բովանդակությանը

Երնում

«Հացին երգը» ժողովածու

Իրիկվան մեջ հովերն հևուն Երբ դուրս կ'ելլեն քարայրներեն՝ Մեկ ծայրեն մյուսը կալերուն Ա՛լ կամնըված հունձքը կ'երնեն՝ Հըծծելով երգն Աշխատության. — Երնե՛, էրան, երնե՛, էրան. Հարդը քեզի, մեզի ցորյան։— Հարս ու աղջիկ, պարմանիներ, (Ժըպտուն վարդեր մասուրի քով) Իրենց ձեռքին հոսելիներ Կը ճեղքեն թեղն, հույսերու բով. Ու կը պոռթկա երգն հաղթական. — Երնե՛, էրան, երնե՛, էրան. Հարդը քեզի, մեզի ցորյան։— Ժիր շարքերուն մեջ ի՜նչ խուճապ Ելլող իջնող բազուկներու… Հեղեղներ են՝ որ հապշտապ Վեր կը նետվին՝ սաթ տեղալու. Ու կ'եռա երգն ալետատան. — Երնե՛, էրան, երնե՛, էրան. Հարդը քեզի, մեզի ցորյան։— Հովեր կ'անցնին, խարտիշահեր, Թողլով որ վա՛րը երկարին Հարդգողի լույս ճանապարհներ՝ Ու սարյակներ կը թափառին՝ Սուլելով երգը ցընծության. — Երնե՛, էրան, երնե՛, էրան. Հարդը քեզի, մեզի ցորյան։— Ուսերե վեր ի՜նչ փոթորիկ, Ի՜նչ փաղփումներ մազերու մեջ… Ցորենին հետ, հատիկ հատիկ, Կը թափի ցողն իրիկվան գեջ։ Ու կ'ըղձա երգն երանության. — Երնե՛, էրան, երնե՛, էրան. Հարդը քեզի, մեզի ցորյան։— Ու երբ ոսկվով ծեփվին կալեր. Հարսերն ոսկի քողեր առնեն, Եվ ցորյանի ձուլվին սարեր՝ Զոր գա լուսնակն օրհնել վերեն՝ Պիտի նվաղի երգն աղվական. — Երնե՛, էրան, երնե՛, էրան. Հարդը քեզի, մեզի ցորյան։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հացին երգը
Տողերի թիվ 42