Անցնել բովանդակությանը

Թե իմ ալևոր հերքըս սևնային…

1854

Թե իմ ալևոր հերքըս սևնային, Ույժըս ինձ հետ գար, կըտրիճ դառնայի, Նըժույգ ձի նստած, պեխըս ոլորած, Ձեռըս թուր առած ես դաշտ կերթայի. Ես դաշտ կերթայի — դաշտըն Ավարայրի, Ողողած-ցողած Հայոց արյունով, Ա՛զգ իմ սիրական, դու ազգ Թորգոմյան, Քու կորցրած թագը քեզ հետ կուտայի։ Կասեի Հայոց օրիորդներին. «Ծախեցե՛ք հագի ձեր թանգ շորերը, Թողե՛ք պաճուճանք, զարդ, մարգարիտներ — Ժանգոտած ու գուլ են մեր թըրերը. Տվե՛ք բեհեզյա մեզ ձեր շապիկը, Որ մենք փաթաթենք մեր մարմնու վերքը. Վիրակապ հյուսեք դուք ձեր մազերից, Այսպես հայտնեցե՛ք դուք մեզ ձեր սերը»։ Թե ես լինեի հարուստ մեծատուն՝ Սընդուկներըս լի ոսկով, արծաթով, Շատերու նըման ես չէի լինիլ Երբեք ազգասեր ունայն խոսքերով. Շամպանյա գինու, ալմաս խաչի տեղ Կառնեի առատ գնդակ ու վառոդ, Արձակ-համարձակ կերթայի հանդեպ Հայատյաց ազգին անթիվ զորքերով։ Թե ես լինեի մի երկրի իշխան, Կուտայի զորքիս սաստիկ հըրաման.— Շուտաքայլ երթալ դեպի Հայաստան, Խըղճուկ Հայ ազգին լինել օգնական… Բայց եթե մի օր, մի ժամ, մի րոպե Աստված լինեի մեր հողագընդին, Ի՜նչ սուր սըլաքներ պիտի շաղ տայի Մեր արենարբու թըշնամաց գընդին…

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Թե իմ ալևոր հերքըս սևնային…» բանաստեղծությունը (1854) հայրենիքի և հայրենասիրականի մասին։

Չորս «եթե»՝ եթե երիտասարդ լինեի, եթե հարուստ, եթե իշխան, եթե Աստված, և ամեն մեկի պատասխանը նույնն է՝ Ավարայրի դաշտ, գնդակ ու վառոդ շամպայնի տեղ, զորք դեպի Հայաստան։ Հայոց օրիորդներին ուղղված միջին տունը ամենակոնկրետն է՝ զարդերի փոխարեն վիրակապ։

Ստեղծագործությունը պարունակում է 32 տող՝ 8-8-8-4-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1854 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 32