Օրորք Հայաստանի
1856
Քընե՛, քընե՛, իմ հայրենի՛ք,
Իմ կաթոգին Հայաստան,
Ես քեզ օր-օր կասեմ մեղմիկ,
Որ չըզարթիս անգուման։
Քանի՜ դարեր այդ խոր քունը
Քեզ կաշկանդել, կապել է,
Քնի սերմունք, ասես, Մորփեն
Լոկ քու վըրա թափել է։
Եվ ի՞նչ զարմանք. ազգ ու ազինք
Միշտ լավակամ քեզ համար,
Քունըդ վըրդովել չուզելով,
Օրորում են անդադար։
Տե՛ս ռուսը թուր ձեռը բռնած,
Մարդ չի՛ թողնում քեզի մոտ.
Թե մոտ եկան՝ դարձյալ չէ՛ փույթ,
Ունի շատ ռումբ, շատ վառոդ։
Որ աչքերըդ չի խըտտըղեն
Վառ շողերը արեգին՝
Անթափանցիկ ու մեծ ասպար
Ունի բըռնած իր ձեռքին։
Կամ թե անուշ քընիդ խափան
Չլինին նաև քու որդիք,
Ըսպառազեն պահապաններ
Նոցա վըրա կան հերիք։
Թե ճիչ բառնան՝ այն ժամանակ,
Սուր ու թուրը կան պատրաստ
Այդ պատճառավ հենց քու որդիք
Ե՛վ երկչոտ են, և՛ զգաստ։
Արդ՝ դու ննջե՛ ծանր քընով
Ու մի՛ զարթիլ շատ դարեր.
Պարտքն աշխարհի դու տվել ես,
Կատարել ես շատ բաներ։
Ունիս քաջեր (թեև մեռած),
Ունիս գրքեր անհամար,
Սխրալի գործք քու զավակաց
Կանցնեն, կերթան դարե դար։
Աստվածախոս քու լեզուն է,
Ծոցըդ՝ Դըրախտ երկրավոր,
Նոյա սերունդք են քու որդիք,
Դե՛հ Հայաստան իմ, օ՛ր-օ՛ր։
Երբեմն դու խիստ լավ կանես
(Այս քեզ խըրատ իմ բարի,
Հավատացի՛ր, սրտով բաղձամ,
Որ այդ ճշտիվ կատարի)
Թե սեպհական զավակներիդ
Տաս խրատներ մայրական,
Որ կործանած իրանց գահը
Վերականգնել չի ջանան։
Շուտ շուտ ղըրկե՛ քարոզիչներ
Սևագլուխ, մըրքավոր,
Որ հորդորեն ապրել նոցա,
Թեև ստրուկ, բայց անդորր։
Խաղաղասեր կյանք քարոզեն,
Մեծ-մեծ հույսեր երկնային,
Ազնիվ զգացմանց ցընորք ասեն,
Անօգտավետ բընավին։
Չի հասկանան վախճան կենաց,
Կույր են եկել՝ կույր երթան,
Կրոնն էլ ինչպես հարք կմեկնեն
Նոքա այնպես հասկանան։
Մաքուր կրոնն է, ասեն, պասը,
Ժամուց տալը հարգո հարց,
Կուշտ ուտելը, ճոխ ապրելը —
Այս է վախճան մեր կենաց։
Դյուրահավան մեր հայերը
Բարի խրատը լըսելով՝
Չեն վըրդովիլ, ու քեզ կուտան
Լավ կըշտանալ խոր քընով։
Դե՛հ, իմ պառավ մայր Հայաստան,
Քընե՛ անուշ ու անդորր.
Այսպես հավերժ քեզ կըկարդան
Ազգ ու ազինք օ՛ր-օ՛ր-օ՛ր…