Անցնել բովանդակությանը

Մկրտիչ Էմինին

(Նորա հիսնամյա հոբելյանին)

1886

Քըսանութամյա ժիր երիտասարդ, Բանիբուն, անխոնջ, և հավետ զըվարթ, Գիտակ շատ լեզվաց, սիրող պատմության, Իմաստասիրող հայկաբանության, Վերծանում էիր միշտ Խորենացի,— — «Բարի հույսերով լի ես»,— ասացի։ Արբուն տարիքիդ երբ որ դու հասար, Գերդաստանի հոր բաղդը չի տեսար… Բայց ի՞նչ փույթ, մինչ Դու երջանիկ էիր, Որ հոգեպարար զբաղմունք ունէիր. Ձեռքումըդ դարձյալ կար Խորենացի,— — «Օգտաբեր գիտուն Հայ ես»,— ասացի։ Գլորվեցան ուղիղ հինգ տասնյակ տարի, Քու գըլխեն անցան շատ չար ու բարի, Ամուր մընացիր Դու քո համոզման — Քու իդեալն էր վիճակ Հայկազնյան։ Ձեռքեդ վայր ընկած չէր Խորենացի, — «Խընկելի Հայ-մարդ ես Դու»,— ասացի։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Մկրտիչ Էմինին» բանաստեղծությունը (1886) հայոց պատմության և ձոնի մասին։

Հայագետ Մկրտիչ Էմինի հիսնամյա հոբելյանին. երեք տուն, երեք տարիք, և ամեն անգամ ձեռքին Խորենացին, իսկ վերջին տողում բանաստեղծի գնահատականը՝ բարի հույսերով լի, օգտաբեր գիտուն, խնկելի հայ մարդ։

Ստեղծագործությունը պարունակում է 18 տող՝ բաժանված 3 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1886 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 18