Անցնել բովանդակությանը

Երդումն

1883

Սուրբ օրորանով զավակիս կերդնում, Կերդնում իմ ծնողաց ես գերեզմանով, Ինձ կյանք պարգևող արգանդով կերդնում Եվ մըկըրտության սուրբ ավազանով. Թո՛ղ լինի վըկա ինձ լյառն Արարատ, Նոյան տապանի ամուր պատվանդան, Եվ Արաքս գետի ջուրը անարատ, Որով կոռոգվի մայր մեր Հայաստան. Թո՛ղ լինին վըկայք իմ անսուտ երդման, Պարծանք հայության՝ ազգաշեն նախնիք— Սուրբ Սահակ, Մեսրովբ, Ղևոնդ, Քաջ-Վարդան, Ողորմած Աշոտ, անըսփոփ Գագիկ. Ահա՛ իմ սուրը, որ ձեռքիս ցոլաց, Էլ նա չի մըտնիլ վերըստին պատյան, Մինչև չի դադրի հայի սուգն ու լաց, Մինչև չազատվի ըստրուկ Հայաստան։ Գիտեմ, իմ առջև կան մեծ-մեծ վըտանգ— Բանտ, շըղթա, գան, թույն, սուր ու կախաղան, Դահիճ, արհավիրք, անգութ կըտկըտանք, Բայց իմ այս երդմունք անհողդողդ կմնան։ Ազգիս սեղանի վըրա ես գրի, Իբրև ողջակեզ իմ այս սուրբ ուխտին— Իմ ինչքը, կյանքը, վայելք աշխարհի, Ավելի քան զայն՝ քաղցր իմ ամուսին։ Կըրկին ու կրկին շրթունքն իմ կերդնուն, (Թո՛ղ երդնու ինձ հետ ազգը հավիտյան) Չըտալ դուլ դադար անգութ թշնամուն, Մինչև չազատվի մայր մեր Հայաստան։ Բայց եթե դըրժեմ այս սուրբ երդումը, Ազգիս ազատման չլինիմ նահատակ, Անեծքով հիշվի թո՛ղ իմ անունը. Ու հայք թո՛ղ կոչեն ինձ երկրորդ Վասակ։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Երդումն» բանաստեղծությունը (1883) հայրենիքի և ազատության մասին։

Երդում, որ տալիս է կին ձայնը՝ զավակի օրորոցով, ծնողների գերեզմանով, իրեն կյանք տված արգանդով և մկրտության ավազանով։ Վկա են կանչվում Արարատն ու Արաքսը, ապա նախնիները՝ Սահակ, Մեսրոպ, Ղևոնդ, Քաջ-Վարդան, Աշոտ, Գագիկ։ Սուրը պատյան չի մտնի, մինչև ազատվի Հայաստանը, և երդվողը գիտի, թե ինչ է իրեն սպասում՝ բանտ, շղթա, թույն, կախաղան։ Ողջակեզ է բերում ամեն ինչ, նույնիսկ ամուսնուն, իսկ երդումը դրժելու պատիժն ինքն է որոշում՝ «Ու հայք թո՛ղ կոչեն ինձ երկրորդ Վասակ»։

Ստեղծագործությունը պարունակում է 32 տող՝ բաժանված 8 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1883 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 32