Ծառի խնդրանքը
Մի՛ կոտրատիր իմ ճյուղերը,
Որդիներն են նրանք իմ հեզ,
Ես այնպես եմ սիրում նրանց,
Ինչպես մայրդ սիրում է քեզ։
Տերև անգամ եթե պոկես,
Սիրտս ցավից կմղկտա,
Թե որ դու ինձ չպահպանես,
Պատրաստի ծառ քեզ ո՞վ կտա։
Թող որ բերեմ քեզ հով ու զով,
Կեղտ ու փոշուց մաքրեմ օդը,
Կանաչ-կանաչ իմ ձեռքերով
Ցրեմ ամռան կիզիչ տոթը։
Ծիտ ու ծիծառ առնեմ ուսիս,
Օրոր ասեմ ես օրնիբուն,
Եվ քո կյանքի ճանապարհին
Մնամ որպես գեղեցկություն։