Պատվական Խաչատրյանի կենսագրությունը
Պատվական Գորգիի Խաչատրյանը (հունվարի 15, 1924, Ներքին Քարվանսարա, Նոր Բայազետի գավառ — 2012, Երևան) հայ բանաստեղծ, մանկագիր և թարգմանիչ է, մանկավարժական գիտությունների թեկնածու։ Գրել է հիմնականում մանուկների համար, և նրա գործերը թարգմանվել են ռուսերեն, մոլդովերեն, ղազախերեն ու այլ լեզուներով։
Մանկությունը և կրթությունը
Ծնվել է 1924 թվականի հունվարի 15-ին Ներքին Քարվանսարա գյուղում՝ այժմյան Հրազդան քաղաքում։ Պատանի տարիքում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1950 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։
Կյանքը
1963-1966 թվականներին բաժնի վարիչ էր «Սովետական մանկավարժ» ամսագրում, ապա աշխատել է «Խորհրդային գրող» և «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» պարբերականներում։ 1970 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ նվիրված 8-10-րդ դասարաններում հայ գրականության ուսուցման ընթացքում աշակերտների ինքնուրույնության ու ստեղծագործական կարողությունների զարգացմանը։ Նույն թվականին դարձել է Հայաստանի գրողների միության անդամ և արժանացել ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչման։ 1977 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում։
Մահացել է 2012 թվականին Երևանում։
Ստեղծագործությունը
Առաջին ժողովածուն՝ «Ծիծեռնակ», լույս է տեսել 1957 թվականին։ Հետագա տարիներին հրատարակվել են «Կարմիր կակաչներ» (1959), «Հրաշալի ճանապարհը» (1960), «Երեք ոտանի աղվեսը» (1961), «Սարի ծաղիկ» (1963), «Աղբյուր» (1966), «Երախտամոռ քոթոթը» (1967), «Կախարդ Նունեն» (1969), «Եթե կախարդ դառնայի» (1971), «Իմ օրերի հեքիաթը» (1974), «Արև լինեմ» (1977), «Կրակներ» և «Գլուխ է կորել» (1980), «Իմ աստղերը» (1984), «Բարի արև» (1988), «Փոքրիկ Դավիթը» (1993), «Հրաշք» (2004) ժողովածուները։ Մեսրոպ Մաշտոցին է նվիրել «Ասք Մաշտոցի մասին» (1982) և «Սուրբ Մաշտոց» (2004) պոեմները։
Ռուսերենից թարգմանել է Սերգեյ Միխալկովի «Քեռի Ստյոպան միլիցիոներ» (1966) և Ս. Վորոնինի «Ծղրիդի գաղտնիքը» (1979) գործերը։ Մանկագրությանը զուգահեռ գրել է նաև մասնագիտական աշխատություններ՝ «Հայոց լեզվի և գրականության ուսուցման հարցեր» (1980), «Հայոց լեզվի տարրական դասընթացի ուսուցման մեթոդիկա» (2004)։
Ժառանգությունը
1974 թվականին արժանացել է Հրատպետկոմի լավագույն մանկական գրքի մրցանակին, 1987 թվականին՝ Հայաստանի գրողների միության Ստեփան Զորյանի անվան մրցանակին։ Նրա բանաստեղծությունները մտել են դպրոցական դասագրքեր, և մի շարք տողեր՝ հատկապես Սեպտեմբերի 1-ի ու տարվա եղանակների մասին, մինչ օրս ասվում են դպրոցական միջոցառումներին։
Խաչատրյանի հայտնի գործեր
Բոլորը →Հայոց լեզու
Դու հնաբառ,
Մեսրոպատառ,
Աղբյուրի պես
Ջինջ ու կայտառ։
Հայաստան
Հայաստանը
Իմ անունն է,
Ազգանունն է,
Ինձ ուժ տվող զորությունն է,
Ծառի խնդրանքը
Մի՛ կոտրատիր իմ ճյուղերը,
Որդիներն են նրանք իմ հեզ,
Ես այնպես եմ սիրում նրանց,
Ինչպես մայրդ սիրում է քեզ։
Սեպտեմբեր
Իմ լավ սեպտեմբեր, ես քեզ սիրեցի,
Աշուն տատիկի դու ոսկե վզնոց,
Քեզ հետ բերել ես ծով առատություն
Եվ հեքիաթային գույներ հուր ու բոց։
Հաճախ հանդիպող թեմաներ