Սեպտեմբեր
Իմ լավ սեպտեմբեր, ես քեզ սիրեցի,
Աշուն տատիկի դու ոսկե վզնոց,
Քեզ հետ բերել ես ծով առատություն
Եվ հեքիաթային գույներ հուր ու բոց։
Արևից հյուսած վառ քողը դեմքիդ
Զարդարել ես մեր հողը բարեբեր,
Դաշտն Արարատյան առել ես ուսիդ,
Որպես լի զամբյուղ բերել մեզ նվեր։
Բերել ես, ահա, էլ դեղձ, էլ խաղող,
Բացել ես դուռը ճոխ ներկարանի,
Անտառ ու այգի քո պերճ վրձինով
Գույներ են հագել վառ ծիածանի։
Իմ լավ սեպտեմբեր, ես քեզ սիրեցի,
Աշուն տատիկի դու ոսկե վզնոց,
Չէ՞ որ այս առատ բարիքից բացի,
Կարոտած մոր պես կանչում ես դպրոց։