Ժայռերն ի վեր դանդաղ մագլցում է ճամփան
«Սիրո ճանապարհ» ժողովածու · 1954
Ժայռերն ի վեր դանդաղ մագլցում է ճամփան
Ու հասնելով լեռան սեգ կատարին՝
Հոգնած ճամփորդի պես կանգ է առնում մի պահ,
Պառկում շվաքի տակ ծեր անտառի։
Եվ բացվում է իմ դեմ, իմ աչքերի առաջ
Իմ հայրենի գյուղը — այնտեղ՝ ցածում։
Քնաթաթախ գյուղի տանիքներից ելած
Երդիկների ծուխն է ծո՜ւյլ հորանջում։
Գետակն, աղբյուրների չարաճճի որդին,
Թավալվում է ձորում ու փրփըրում.
Նրա ժայռոտ ափին ավերակը բերդի
Իր հին պաշարումն է մտաբերում…
Նախիրը բառաչելով դաշտ է գնում հիմա,
Այգիներում, հոգնա՜ծ, ջուրը հուն է գտնում…
Բաց է մեր դռնակը կարոտ գրկի նման,
Եվ ես — կրկի՛ն մանուկ — մեր հին տունն եմ մտնում։
Երևան · 24.V.1946թ.