Շունն ու գայլը
«Ձեր ծանոթները» ժողովածու · 1971
Ով ստեղծեց գազաններին,
Թռչողներին, վազաններին,
Ուներ-չուներ՝ ծով բարություն,
Նա շատ երկար չափեց-ձևեց
Ու Շներին մեծ ուժ տվեց,
Իսկ Գայլերին՝ հոտառություն։
Գայլը դաշտում տեսավ Էշին,
Խեղդե՛ց, հաղթե՛ց, հպարտացա՛վ։
Բայց հանդիպեց երբ Գոմեշին,
Տեսավ, որ գործը բարդացավ.
Գոմեշն այնպես պոզահարեց,
Որ խեղճ Գայլի սիրտը մարեց։
Ու մտածեց Գայլը երկար,
Որ ուժեղից ուժեղն էլ կար։
Երբ որ Գայլը եկավ ուշքի,
Ստեղծողին ասաց ուժգին.
«Հոտառության մեջ ի՜նչ կա որ...
Ո՛ւժ տուր, ո՜ւժ է ինձ հարկավոր»։
Նա էլ զարկեց իր ծնկներին,
Էլ ո՛չ չափեց, ո՛չ էլ ձևեց,
Շան ուժն առավ՝ գայլին տվեց,
Հոտառությունն էլ՝ Շներին։
Տարիներ են եկել-անցել,
Գայլն իր ուժով մինչև հիմա
Էլի՛ նույն գայլն է մնացել՝
Նո՛ւյն սովածը ձմեռ-ամառ,
Նո՛ւյն որսորդի ահ ու մահով,
Այնինչ շունը իրեն համար
Ստեղծել է կյանք ապահով՝
Ոչ թե ուժով կամ բռնությամբ,
Այլ նուրբ ու սուր հոտառությամբ։
Թեմաներ