Անցնել բովանդակությանը

Սերը

«Նորից չեն սիրում, սիրում են կրկին» ժողովածու · 1969

1. Նա գալիս է մի՛շտ էլ ճամփաներով անհա՛յտ չքարտեզագրված, Ինչպես ջուրն անձրևի կամ հալոցքի։ -Սերն է։ Հոլանդացիք ծովի՛ց, ամենազո՜ր ծովից Հող են հափշտակում, Խլում պատա՜ռ-պատա՜ռ, նշխա՛ր-նշխա՛ր։ -Սերն է։ Երբ վիթխարի նավը մոտենում է դանդաղ Նավարկելի գետի ցածըր կամուրջներին, Սրանք թևերն իրենց վե՛ր են տնկում, Իսկույն անձնատուր են լինում կարծես։ -Սերն է… 2. Հետըդ զրուցողին պատասխան ես տալիս՝ Խելոք, կարգին-սարքին մեքենայի նման, Մինչդեռ մտքով, անվե՜րջ, նրա՛ հետ ես խոսում, Ով հեռու է քեզնից, Լոկ անունն է քեզ մոտ, Իբրև մի անձնագիր, որ… չի կնքված։ -Սերն է։ Քներակիդ զարկը կաթոցքի է նման, Ա՛յն կաթոցքի, որ (ճի՜շտ) քար է ծակում։ Անքնությունն անվերջ հյուսում է ցանց մի խիտ, Որով ձո՛ւկ չեն որսում, Խեղդում են մա՜րդ։ -Սերն է։ Քնքշացել ես այնքա՜ն Ու խոցելի՛ դարձել, Կարծես թե ապրում ես առանց մաշկի։ -Սերն է։ Երկու աչքեր, անվե՜րջ, հետապնդում են քեզ, Երկու աչքեր, ասես մի զույգ դրոշմ, Իրենց անջնջելի տիպն են դնում Կյանքի՛դ, խմած ջրի՛դ, ողջ աշխարհի՛ Եվ մինչևիսկ արյան գնդիկների՛դ վրա,- Երկու աչքեր՝ Դրո՛շմ, Կնի՛ք, Խարա՜ն… -Սերն է…

Դիլիջան · 10.III.1964թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1969 թ.
Ժողովածու Նորից չեն սիրում, սիրում են կրկին
Տողերի թիվ 41