Անցնել բովանդակությանը

Մանուշակը

«Ձեր ծանոթները» ժողովածու · 1971

Մանուշակը մի ժամանակ, Ինչքա՜ն առաջ՝ ի՞նչ իմանաք, Եղել է մի շա՜տ գեղեցիկ, Մի շա՛տ քնքուշ, Անո՛ւշ աղջիկ։ Բայց եղել է շատ բացբերան. Սրա խոսքը տարել նրան, Նրա խոսքը բերել սրան, Ինչքան գաղտնիք են վստահել, Ոչ մի գաղտնիք նա չի պահել։ Խրատել է մայրը նրան, Իսկ նա՝ էլի միշտ բացբերան։ Խրատել է մայրը մեկ է՛լ, Իսկ նա գլուխ չի էլ թեքել։ Մի՛շտ խելքի է մայրը գցել, Իսկ նա լեզուն չի էլ կծել։ Երբ տեսել է՝ օգուտ չկա, Անիծել է մայրն աղջըկան. «Դաշտերն ընկած՝ Ապրես ծնկած, Հե՛նց զորանաս՝ Շո՛ւտ չորանաս, Ու լեզուդ էլ Բաց բերնիցըդ թող դուրս չգա, Այլ բկիցըդ, Ծոծրակիցըդ»։ Դրա համար Մինչև հիմա Մանուշակը ցողուն տալիս Դեռ նոր ցցված՝ Կեռանում է Դեռ նոր բացված՝ Թառամում է, Իսկ ծաղիկն էլ դուրս է գալիս Ոչ թե բերնից, Այլ բկիցը Եվ մինչևիսկ ծոծրակիցը...

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1971 թ.
Ժողովածու Ձեր ծանոթները
Տողերի թիվ 37