Իրերի բարությունն ու չարությունը
«Դիմակներ» ժողովածու · 1965
Կարծում եք, թե մե՞նք, մե՞նք ենք մտովին
Լուռ մենախոսում մեն-մենության մեջ։
Ո՛չ.
Մինչև անգամ մեր լռին խոսքում
Իրերն են մեզ հետ զրուցում անվերջ,
Այդ բարինե՜րը,
Որովհետև մեզ խղճում են նրանք։
Եվ այդ պահերին
Կենդանանում է
Ու շնչավորվում ամեն իր այնպե՛ս,
Որ մինչև անգամ մենության մեջ էլ մեզ մենակ չզգանք
Եվ չապրենք կիսատ ու պռատ կյանքով։
Նրանք բարի են
Ու խղճում են մեզ՝
Մեն-մենակներիս։
Եվ մենակության այդ պահերին է,
Որ մենք չենք ցրվում չորս կողմի վրա՝
Սալահատակին վերևից ընկած կույր կաթիլի պես,
Այլ ներամփոփվում,
Կենտրոնաձգվում ձախից ու աջից
Եվ ստանում ձևն ա՛յն մսե խաչի,
Որ ունի մարդը,
Եթե փորձում է թռչել կամ լողալ։
Իսկ մենության մեջ մարդն ի՜նչ էլ անի
Թռիչք չէ՞ կամ լող։
Իսկ մենության մեջ՝ լողա՜ս թե թռչե՛ս,
Մե՜կ է՝ չլռել չե՛ս կարողանա…
Ու լռությունը,
Որ համատարած մի ականջ է լոկ
Եվ ունի միայն մե՛կ զգայարան՝ լոկ լսողություն,
Այդ լռությունը ուռչում է անվերջ,
Ասես մանկական փուչիկի նման,
Լցվելով ուռչում-ուռչելով լցվում
Մեր անլսելի խոսք ու զրույցով
Ու հետզհետե դառնում վիթխարի՜ մի օդապարիկ,
Որ եթե հանկարծ կամենա պոկվել՝
Մե՛զ էլ, մեր տո՛ւնն էլ վերև կհանի
Ու-թի՜ռ-կտանի՛…
Բայց լռությունը,
Որ համատարած մի ականջ է լոկ,
Եվ ունի միայն մե՛կ զգայարան՝ լոկ լսողություն,
Որքան ուռչում է՝ թանձրանում նույնքան
Ու դառնում կարծես
Մեզ համար մի նո՛ր՝ երկրո՜րդ… հայրենիք.
Հայրենիքի պես չփոխատրվող,
Հայրենիքի պես չփոխադրվող…
Դրսում
Երևի աստղերն են ելնում՝ ողջ շքախմբով,
Իջնում է նորից
Մի ճշմարտապես աստվածաշնչյան գիշեր
Պարզունակ ու նույնքան խորունկ,
Որ ով ուժ ունի՝ վայելի իրեն։
Դրսում
Երևի կենտ-կենտ լույսերը փորձում են խախտել
Նախապատմական վեհ լրջությունը Մեծն Խավարի։
Դրսում…
Մե՜զ ինչ, թե ի՞նչ է կատարվում դրսում։
Մենք ներսում
Մենակ ենք, բայց և մենակ չենք կարծես.
Իրերը բարի
Ամե՜ն ինչ մեր շուրջ կենդանացնում են ու շնչավորում,
Որպեսզի… մենք էլ հասնենք հենց իրենց առքին ու փառքին.
Թե իր են իրենք,
Մենք էլ՝ մենության ժամին ահարկու,
Մենք էլ՝ իրենց պես՝ դառնանք իր,
Այսինքըն՝ իր — ականանք։
Չանախչի, 28.X.1965թ.