Չոր մասրենու մի հին չափար
«Սիրո ճանապարհ» ժողովածու · 1954
Չոր մասրենու մի հին չափար,
Որ այգին է շրջապատում։
Չափարի տակ առյուծաբար
Մրափում է մեր չալ կատուն։
Չափարի տակ մի չար եղինջ
Շուլալվել է փշատենուն
Եվ մերթ ընդ մերթ դաղում է ինձ,
Երբ նրան եմ ես մոտենում։
Եղինջի մոտ՝ մի թո՛ւփ խոնարհ,
Թփի վրա՝ մի վառ զատի՛կ,
Թփերը՝ թա՛ց, կիսախոնա՜վ,
Շաղված շողով կաթիլ-կաթիլ։
…Թփի վրա մի վառ զատիկ՝
Մանկությունս է թռե՜լ, ցնդե՛լ,
Ինչպես ցողի մի ջինջ կաթիլ
Տարիների արևի դեմ։
Մանկությունս է թռե՜լ, ցնդե՛լ,
Բայց իմ սրտում մինչև հիմա
Մի մեղմ կսկիծ մնում է դեռ
Այն եղինջի խայթի նման…
Երևան · 21.V.1946թ.