Անցնել բովանդակությանը

Չկաս ու չես լինելու

«Նույն հասցեով» ժողովածու

Դու չկա՛ս, չկա՛ս… Եվ առավոտը Այնպես աղոտ է, Ասես ցավոտ է։ …ու չե՜ս լինելու։ Եվ հորիզոնն է փակվում իմ առջև։ Նրան փակում է ո՛չ ամպի ճոթը, Այլ քո զգեստի ամպեղեն փո՜թը։ Դու չկա՛ս, չկա՜ս… Եվ օդ է դարձել Այս համատարած անտեր կարոտը։ …ու չե՞ս լինելու։ Ու թվում է, թե լուցկի մոտեցնեմ՝ Պիտի բռընկի ինքը վառ օդը։ Դու չկա՛ս, չկա՜ս… Ինչո՞ւ եմ սակայն քեզ զգում այնպե՛ս, Այնպե՜ս եմ զգում, ինչպես երևի Ոտից նոր զրկվածն զգում է ոտը, Որ նո՛ւյնպես չկա Ու չի՜ լինելու…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Չկաս ու չես լինելու» բանաստեղծությունը («Նույն հասցեով» ժողովածուից) կարոտի և բաժանումի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 20 տող՝ բաժանված 11 տան։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նույն հասցեով
Տողերի թիվ 20