Անցնել բովանդակությանը

Աշնան եղյամն է իջել ձորերին

«Սիրո ճանապարհ» ժողովածու · 1954

Աշնան եղյամն է իջել ձորերին, Քարին ու թփին — ամենո՜ւր իջել։ Մեր ջահել, մատղաշ մեր խնձորենին Սպիտակել է, ինչպես տատն իմ ծեր։ Գոմում երինջն է բառաչում տխուր, Մինչդեռ մարագում խուրձն է առվույտի։ Երդիկն ու հայրս չիբուխ են ծխում։ Շունը կլանչով ելնում է ոտի։ Դու, չստեր հագած, վազում ես բակով, Թռչում ես առուն, ինձ ես որոնում։ Ես, ոտաբոբիկ, ձեռքիս մահակով Եղյամն եմ թափում մեր խնձորենու։ Ուրախ բառաչ է բարձրանում գոմում՝ Պահածո դարձած խուրձի հոտերից։ Ա՜խ այդ հայացքը, որ դու ես գամում Եղյամից սառած բոբիկ ոտերիս… Ցուրտ է։ Թոնիրն է բորբոքվում ներսում։ Ախ այդ հայա՜ցքը… Ձմեռ է արդեն, Մինչդեռ չգիտես, չէ՛, ի՜նչ եմ ասում, Գիտես՝ արբունքի գարունն է մեր դեմ…

Երևան Նավչալու · 21.V.1946թ. 21.VII.1953թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1954 թ.
Ժողովածու Սիրո ճանապարհ
Տողերի թիվ 20